
Արմինֆո. Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ:
Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր, որպեսզի ընտրակաշառք տալու և վերցնելու մեջ բռնվածները մինչև հաջորդ ընտրությունների ավարտը և արդյունքների հրապարակումը գտնվեն բանտում, ընդ որում, կարևոր չէ, թե այդ մարդիկ ինչ պաշտոններ են զբաղեցնում, սոցիալական որ շերտին են պատկանում և ինչ հարստության են տիրապետում:
Դրանով իսկ Փաշինյանն ինքնուրույն սահմանել է նման հանցագործների պատժի ժամկետները, միաժամանակ հավելելով, որ եթե դրա համար անհրաժեշտ լինի օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել, դա կարվի հիմա և առանց հապաղելու։ Նրա համոզմամբ՝ դա երկրում անվտանգության և ժողովրդավարության ապահովման խնդիր է։
Արդեն այսօր դատախազությունը քրեական գործ է հարուցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ով հայտարարել է իշխող կուսակցության կողմից ընտրակեղծիքների առկայության մասին եւ վերահաշվարկի դիմում է ներկայացրել: Հատկանշական է, որ գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը կորցրել է անցողիկ 4% տոկոսը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության նախնական արդյունքների ճշգրտումից հետո: