


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Կոշտան շնորհավորել է Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և իր հարևանների հետ առավել սերտ խաղաղ համագործակցության վրա հիմնված ապագայի։ Նա բարձր է գնահատել վարչապետի առաջնորդությունը և նրա ավանդը Հայաստանի դիմակայունության, կայունության ու բարգավաճման ամրապնդման գործում։ Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կոշտային աջակցության և ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի շուրջ՝ մատնանշելով տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։
Կողմերը փոխադարձաբար վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հետագայում ևս ամրապնդելու Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը՝ հանուն առավել խաղաղ և բարգավաճ ապագայի։



