


Արմինֆո. Հունիսի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում հարուցվել է 59 քրեական վարույթ՝ ընտրությունների հետ կապված ենթադրյալ խախտումների փաստերով: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Քրեական վարույթների ընդհանուր թվից 43-ը նախաձեռնվել են տարածքային քննչական ստորաբաժանումների կողմից, համապատասխանաբար 16-ը՝ Երևանի քննչական ստորաբաժանումների կողմից:
Մասնավորապես, ընտրություններին մասնակցելու իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների գործունեությանը կամ ընտրությունների մասնակիցների իրավունքների ու պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է 9 քրեական վարույթ:
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փաստով նախաձեռնվել է 30 քրեական վարույթ, քվեարկության գաղտնիությունը խախտելու փաստով՝ 17 վարույթ, ահաբեկչության մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու փաստով՝ 3 քրեական վարույթ:
Նշված գործերի քննության շրջանակներում ձերբակալվել է 9 անձ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում էին հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրապետության ողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել էին 2500 ընտրատեղամասեր: Դրանց մեծ մասը կահավորված էր տեսախցիկներով։ Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն: Մասնակցությունը կազմել է 58,97% կամ 1.476.597 քաղաքացի: ՀՀ ԿԸՀ տվյալների համաձայն՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևում էին 647 միջազգային դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, ԱՊՀ-ից, ԵԽԽՎ-ից, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից և այլն: Բացի այդ, ներգրավված էին ավելի քան 2600 դիտորդներ 13 տեղական կազմակերպություններից: Մոտ 250 տեղական և օտարերկրյա լրատվամիջոցներ էին հավատարմագրվել ընտրությունները լուսաբանելու համար:



