
Արմինֆո. Ընտրողների բավականին բարձր մասնակցությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանը։ Այդ մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«ԱԺ ընտրությունների մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 847 226 ընտրող կամ 33.84 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել էր ընդամենը 49.4 տոկոս։
Այսօրվա դինամիկան արդեն իսկ վկայում է, որ Հայաստանի քաղաքացիները ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանը։
Եթե մասնակցության այս դինամիկան պահպանվի մինչև քվեարկության ավարտը, ապա վերջնական ցուցանիշը կարող է հասնել 55–60 տոկոսի կամ ավելի։
Նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում։
Առաջին հերթին, բարձր մասնակցությունը վկայում է, որ հասարակության մեջ կուտակվել է փոփոխությունների և արդարության հստակ պահանջ։ Քաղաքացիները ցանկանում են իրենց ձայնով ազդել ընթացող գործընթացների վրա և որոշել երկրի զարգացման հետագա ուղղությունը։
Երկրորդ կարևոր հանգամանքը վարչական ռեսուրսի ազդեցության հարաբերական թուլացումն է։ Որքան բարձր է ընտրողների մասնակցությունը, այնքան ավելի դժվար է դառնում ընտրությունների արդյունքը պայմանավորել միայն իշխանության վարչական և ռեպրեսիվ լծակներով։ Այս պայմաններում որոշիչ է դառնում քաղաքացիների ազատ և գիտակից կամարտահայտությունը, իսկ քաղաքական մրցակցությունը ձեռք է բերում ավելի իրական և հավասար բնույթ։
Երրորդ՝ արդեն այժմ հստակ երևում է, որ ընտրական պայքարը հիմնականում կենտրոնացած է մի քանի խոշոր քաղաքական բևեռների շուրջ։ Գործող ընտրական շեմերի պայմաններում բարձր մասնակցությունը սովորաբար նպաստում է ձայների կենտրոնացմանը խոշոր ուժերի մոտ և սահմանափակում փոքր ուժերի հնարավորությունները։ Հետևաբար, իրատեսական է այն սցենարը, որ ապագա Ազգային ժողովում ներկայացված կլինեն առավելագույնը չորս ազդեցիկ քաղաքական ուժերը։
Հայաստանն այսօր կանգնած է չափազանց բարդ մարտահրավերների առջև՝ անվտանգային սպառնալիքներ, արտաքին քաղաքական տագնապներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ և հասարակական խոր բևեռացում։ Այս պայմաններում երկրին անհրաժեշտ է ոչ թե հերթական քաղաքական մենաշնորհը, այլ պետական մտածողության վրա հիմնված ազգային համաձայնություն և պատասխանատու կառավարում։
Հանրային այս ակտիվությունը պարտավորեցնում է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին դրսևորել պատասխանատվություն՝ կապիտալիզազնելու համար քաղաքական փոփոխությունները
Երկիրը կանգնած է փոփոխությունների կամ նոր քաղաքական ստատուս-քվոյի հաստատման շեմին։ Հասարակությունը պահանջում է նոր որակի քաղաքականություն և պատասխանատու կառավարում», - գրել է Սուրեն Սուրենյանցը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրությունները: Ժամը 08: 00-ից բացվել է 2005 ընտրատեղամաս։ ՆԳՆ վերջին տվյալների համաձայն, ընտրության իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 քաղաքացի։ Օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է ընտրողների մասնակցության տվյալները: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20: 00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Երկրի խորհրդարանում տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք․ "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" դաշինքները, "Քաղաքացիական պայմանագիր", "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունները, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը", "Բոլորին դեմ եմ" ժողովրդավարական կուսակցությունը, "Ժողովրդավարական համախմբում", "Միասնության թևեր", "Լուսավոր Հայաստան" կուսակցությունները, "Ազգային-ժողովրդավարական բևեռ" համահայկական կուսակցությունը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, "Նոր ուժ", "Հանրապետություն" կուսակցությունները, Ռեֆորմիստների կուսակցությունը, "Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն", " Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք", "Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք" կուսակցությունները ։