
Արմինֆո.Հայաստանում ցանկացած ընտրություն երկրի յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողներին հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով՝ կեղծավորություն կլիներ, եթե չգնաս ընտրությունների, իսկ հետո ուրիշներից պահանջես բարելավել քո կյանքի պայմանները։ «Նրանք, ովքեր չեն գնա ընտրությունների, թող հետո իրենց մեղադրեն, ապագայում նրանք այլևս իրավունք չեն ունենա խոսել իրենց խնդիրների մասին։ Հետևաբար, ես կոչ եմ անում այս գերպատասխանատու ժամանակահատվածում պատասխանատվություն ստանձնել, գնալ և քվեարկել, այլ ոչ թե միայն խոսել սեփական իրավունքների մասին»,- նշել է արքեպիսկոպոսը։
Խոսելով իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից տնային կալանքի փոխելու մասին՝ Գալստանյանը նկատել է, որ այդ միջոցն ավելի մեղմ չի դարձել, հատկապես՝ հաշվի առնելով իր կարգավիճակը։ «Ինձ համար անընդունելի են խափանման միջոցի երկու տարբերակներն էլ, և ես չեմ համակերպվել իմ կարգավիճակի հետ»,- եզրափակել է արքեպիսկոպոսը՝ կրկին կոչ անելով քաղաքացիներին գնալ ընտրությունների և կատարել իրենց քաղաքացիական պարտքը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում մեկնարկել է ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը։ Առավոտյան ժամը 08:00-ից բացվել են 2005 ընտրական տեղամասեր։ ՆԳՆ վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 քաղաքացի։ Ակնկալվում է, որ օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։ Երկրի խորհրդարանում տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Դրանք են՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Մերիտոկրատական Հայաստան», «Բոլորին դեմ», «Ժողովրդավարական համախմբում», «Միասնության թևեր», «Լուսավոր Հայաստան», «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Նոր ուժ», «Հանրապետություն», Ռեֆորմիստների կուսակցությունը, «Ժողովրդավարություն, օրենք, կարգապահություն», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների միություն» կուսակցությունները։