


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի 8/20 ընտրական տեղամասում։
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ պատրաստ է ենթարկվել ժողովրդի ցանկացած պահանջի։ «Ինչպես ժողովուրդն ասի, այնպես էլ կլինի։ Ժողովրդի ընտրությունը պետք է միտված լինի ապագային, խաղաղությանը, երեխաներին», - ասել է վարչապետը։
Պատասխանելով այն հարցին, թե երբ է Փաշինյանը մեկնելու Մոսկվա՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար, հայկական կառավարության ղեկավարը նշել է, որ իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգը բավականին ընդարձակ է. դա ոչ միայն Մոսկվան է, այլև Թբիլիսին, և հնարավորության դեպքում՝ նաև Բաքուն, որտեղ կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը։ Վարչապետը կրկնել է իր նախկին հայտարարությունն այն մասին, որ մտադիր է ընտրություններից անմիջապես հետո այցելել Ռուսաստան։ Նրա համոզմամբ՝ ներկայիս լարվածությունն արհեստական բնույթ է կրում։ Նա հավելել է, որ այդ լարվածությունը փորձում են մտցնել Հայաստանի որոշ քաղաքական ուժեր։ «Բայց ՌԴ նախագահի հետ մենք սերտ հարաբերություններ ունենք», - հայտարարել է հայկական նախարարների կաբինետի ղեկավարը՝ հավելելով, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ հենք՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։
Պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի նկատմամբ բռնաճնշումների մասին, վարչապետն ասել է, որ ոչ մի բռնաճնշում չկա, կան «ընտրական կոռուպցիայի» փաստեր։ «Ցավոք, ընտրական կոռուպցիայի բազմաթիվ փաստեր կան, և պետական ինստիտուտները պետք է արձագանքեն դրանց», - նշել է ՀՀ վարչապետը։ Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում ընթանում է ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը։ Առավոտյան ժամը 08:00-ից բացվել են 2005 ընտրական տեղամասեր։ ՆԳՆ վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 քաղաքացի։ Ակնկալվում է, որ օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։ Երկրի խորհրդարանում տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։



