
Արմինֆո. Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, մայիսի 27-ին կայացած նիստի արդյունքում, որը նախագահել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը, միաձայն ընդունել են հավաքի բանաձևը։
Ինչպես հաղորդում է ՌՀՄ մամուլի ծառայությունը, ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների և Ռուսաստանի հայերի այլ ազգային-մշակութային միավորումների ղեկավարների խորհրդակցության բանաձևը՝ կապված հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետ, հայերին կոչ է անում մասնակցել երկրում ընթացող ընտրական գործընթացներին և քվեարկել ընդդիմադիր երեք կուսակցություններից մեկի օգտին, որոնք ընտրական ցուցակում հանդես են գալիս 3, 7 և 17 համարների ներքո։ Խոսքը, ըստ ժամանակագրության, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է։
Կոչ-բանաձևում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած քաղաքական ուժի ութամյա կառավարումը Հայաստանի և հայ ժողովրդի համար հանգեցրել է Արցախի կորստի, հայկական սփյուռքի հետ հարաբերություններում ճգնաժամի առաջացման, բոլորիս հոգևոր-բարոյական առանցքը հանդիսացող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անհիմն հարձակումների և հայ հոգևորականների հանդեպ հալածանքների, պետական պարտքի համատարած աճի, պաշտպանական և տնտեսական միությունների՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գործընկերների հետ հարաբերություններում ճգնաժամի, ինչպես նաև Հայաստանի միակ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կորստի ռիսկի առաջացման։ «Այս ամենն իր մեջ պարունակում է մեր ազգային ինքնության, պետական ինքնիշխանության և անվտանգության համար անդառնալի կորուստների անխուսափելի վտանգ և տանում է առկա մարտահրավերների հանդեպ մեր ողջ ազգի դիմադրողականության էլ ավելի թուլացման: Այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակը չի կարող լինել միայն Հայաստանի ներքին հարցը, այլ ամբողջ աշխարհի հայերի գործն է, որոնք միշտ իրենց նույնացրել են Հայրենիքի հետ, և ոչ ոք իրավունք չունի նրանց զրկել նրա կյանքին ու զարգացմանը մասնակցելու հնարավորությունից։ Հայաստանի հարգելի քաղաքացիներ, ձեզանից յուրաքանչյուրի ձայնը վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։ Անպայման ակտիվ մասնակցություն ունեցեք 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը: Տեղի մի տվեք հույզերին, ահաբեկումներին ու ճնշմանը, ձեր ձայնը տվեք այն ուժերին, որոնքհանդես են գալիս խաղաղությանն ու հայոց հզոր պետականության օգտին, հարևան բոլոր պետությունների հետ հավասար արժանապատիվ հարաբերություններ հաստատելու օգտին՝ հավասարակշռված քաղաքականության շնորհիվ, այլ ոչ թե հին բարեկամներին ու դաշնակիցներին կորցնելու գնով: Քվեարկեք ընտրական ցուցակի 3-րդ, 7-րդ և 17-րդ համարների ընդդիմադիր երեք կուսակցություններից մեկի օգտին, որպեսզի ձեր երեխաները, թոռներն ու ծոռները կարողանան հայ մնալ և ապրել ուժեղ, անվտանգ և բարգավաճ երկրում", - ասվում է բանաձևում:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Ընտրելու իրավունք ունի 2 485 232 քաղաքացի: