


Արմինֆո. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումն ավելի շատ նման է նախընտրական արշավին աջակցության։ Այս մասին Անվտանգության I միջազգային համաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերության պայմանագրին։ Եկեք պատկերացնենք՝ մարդը թռչում-գալիս է մեկ ժամով։ Այդ մեկ ժամում հասցնում է ստորագրել ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Սա ավելի շատ նման է նախընտրական արշավի կամ նախընտրական արշավին օգնության։ Ավելի լուրջ մանրամասների մեջ խորանալը դժվար է, որովհետև, նախ՝ այդ մանրամասները չկան, երկրորդ՝ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ինքնին պետք է նախատեսի առանձին ուղղություններ, և դրանցից յուրաքանչյուրը պետք է բավականին խորը մշակված լինի։ Մենք դա դեռ չենք տեսել»,- ասել է Շոյգուն։
Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ երեք փաստաթուղթ։ Մասնավորապես՝ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, կրիտիկական օգտակար հանածոների և հազվագյուտ մետաղների արդյունահանման ու մշակման վերաբերյալ շրջանակային հուշագիրը, ինչպես նաև նախաստորագրել են «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։



