


Արմինֆո. Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշություն են ցուցաբերում այլ երկրների ընտրական գործընթացներին միջամտելու հարցում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
«Թրամփի աջակցությունը Հայաստանի գործող իշխանություններին. Թրամփն այս հրապարակումն արել է սոցիալական ցանցերի իր էջում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին։ Մինչ Թրամփի իշխանության գալը, սա տարածված երևույթ չէր ամերիկյան քաղաքականության մեջ։ Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշություն են ցուցաբերում այլ երկրների ընտրություններին միջամտելու կամ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ եթե աջակցում են նրանց, ապա անում են դա նրբորեն ու անուղղակիորեն, ինչպես անում էին, օրինակ, Օբաման կամ Բուշ կրտսերը։ Ի տարբերություն նախորդ նախագահների, Թրամփն ուղղակիորեն աջակցեց Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ ցանկացած սենատորի կամ նահանգապետի»,- նկատել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ այս ամենի նպատակը Կենտրոնական Ասիայից TRIPP-ի միջոցով ռեսուրսների արտահանումն է, ինչը Հարավային Կովկասում Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճոյախոսություններ էին փոխանակել։ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ լիովին և անվերապահորեն աջակցում է Փաշինյանին 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն իր հերթին X սոցիալական ցանցում գրել էր. «Շնորհակալություն, պարոն նախագահ Դոնալդ Թրամփ, բարձր գնահատականի և բարի խոսքերի համար»։



