


Արմինֆո. Մայիսի 31-ին՝ ժամը 18։00-ին, Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «Մենք կանք» մշակութային համերգը։
Ինչպես հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Facebook-ի իր էջում, արդեն սիրված «Մենք կանք» համերգային ծրագիրը կհյուրընկալվի Գյումրիում՝ մեկ հարթակում համախմբելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մշակութային համույթներին և հրավիրված խմբերի՝ ներկայացնելով ազգային երգը, պարը, երաժշտությունն ու մեր մշակութային ժառանգության կենդանի շունչը։
«Հնչելու են սիրված և ճանաչված կատարումներ, բեմում կտեսնեք ազգային պարեր, կենդանի երաժշտություն և այն մշակութային արժեքները, որոնք շարունակվում են ապրել ու փոխանցվել սերունդներին՝ անկախ բոլոր դժվարություններից։ Մուտքն ազատ է։
Սիրո՛վ սպասում ենք ձեզ», - գրել է Ստեփանյանը։
Ծրագիրն իրականացվում է Երևանի և Գյումրիի Փախստականների համայնքային խորհուրդների համատեղ նախաձեռնությամբ՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:
Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։



