


Արմինֆո.Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, ամերիկյան կողմին պաշտոնապես է հասցրել տեղեկատվությունը Ուկրաինայի նկատմամբ ռուսական կողմի պատասխան գործողությունների մասին։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Լավրովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը սկսում են համակարգված և հետևողական հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, և համապատասխան որոշումների կայացման կենտրոններին։
Լավրովը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի ԱԳՆ մայիսի 25-ի հայտարարության վրա, որով ԱՄՆ-ին, ինչպես նաև Կիևում ներկայացուցչություններ ունեցող մյուս պետություններին, հանձնարարվել է ապահովել ուկրաինական մայրաքաղաքից իրենց դիվանագիտական անձնակազմի և այլ քաղաքացիների տարհանումը։
«Նախարարը հիշեցրել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ առաջարկով 2025 թվականի օգոստոսին Անկորիջում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և ափսոսանք է հայտնել, որ եվրոպական էլիտաների ու կիևյան ռեժիմի ագրեսիվ ջանքերը խաթարում են նշված պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ էին բացում շահերի հավասարակշռության հիման վրա կայուն երկարաժամկետ կարգավորման համար»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև հաստատել են փոխադարձ տրամադրվածությունը՝ չնայած հայտնի տարաձայնություններին, ակտիվացնելու ջանքերը միմյանց տարածքում Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների նորմալացման ուղղությամբ։
Հատկանշական է, որ զրույցը տեղի է ունեցել Ռուբիոյի՝ Երևան կատարելիք կարճատև այցի նախօրեին, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։



