
Արմինֆո.ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան ափսոսանքով է ընդունում Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի վերաբերյալ։ Այս մասին նա ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
Շոյգուի խոսքով՝ տարածաշրջանի բազմաթիվ խնդիրներ առավել արդյունավետ է լուծել համատեղ՝ օգտագործելով կազմակերպության մեխանիզմները։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հայկական կողմը, իր գնահատմամբ, այլ ուղի է ընտրում։
«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է համատեղ։ Ցավալի է, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից»,- ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքերն է մեջբերում «Life.ru»-ն։
Նա հավելել է, որ նման կուրսը Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, և հենց նա է պատասխանատվություն կրում երկրի ու նրա ժողովրդի ապագայի համար ունեցած հետևանքների համար։
Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի ողջ գյուղատնտեսական արտահանման մինչև 98%-ը։ Նա նաև հարևաններին հիշեցրել է «իննսունականներին» նրա պետականության պաշտպանության գործում Ռուսաստանի ունեցած դերի մասին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նկատել է, որ եթե չլիներ Մոսկվան, հանրապետությունը կկորցներ իր անկախությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները 2022 թվականի վերջից։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ Կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ նկատմամբ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, Երկրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովում, Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։