


Արմինֆո.Ինչպես հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը, գերատեսչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների ղեկավարը, այլ անձանց հետ համատեղ, ընտրակաշառք է տվել մի շարք ընտրողների՝ Ազգային ժողովի ընտրություններում նրանց ձայների դիմաց։
«Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու համար ընտրակաշառք ստացած քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր մարմիններում կատարած աշխատանքի դիմաց տրվող աշխատավարձ։ Ընդ որում, նշված քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակիցներ, այլև որևէ աշխատանք չեն կատարել»։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և այլ դատավարական գործողություններ։



