


Արմինֆո. Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում միաժամանակ պարել։ Այդ մասին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
"Միաժամանակ երկու միության մեջ գտնվելն անհնար է՝ ըստ սահմանման։ Ինչպես ասում են, միաժամանակ երկու հարսանիքում պարել Հայաստանին չի հաջողվի", - ասել է Գալուզինը լրագրողներին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստից հետո, որը նվիրված էր մերձավոր արտերկրի երկրների հետ փոխգործակցությանը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերություններում հստակության օգտին՝ այն առնչությամբ, թե ուր է նա գնում: "Մենք կողմ ենք, որպեսզի հստակություն լինի, թե ուր է գնում Հայաստանը", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ասել է Գալուզինը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին կայացած բանակցությունների ժամանակ նշել էր, որ Եվրամիությունում և ԵԱՏՄ ու Մաքսային միությունում գտնվելն ըստ սահմանման անհնար է: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա՝ ի վնաս ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման է: Պուտինը մայիսի 9-ին առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ շուրջ Հայաստանի ծրագրերի հարցը:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔվե"քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, որ ուղարկվել է Հայաստանի խորհրդարան ՝ հաստատման։ Մարտի 26-ին, խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրությանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն տարվա ապրիլի 4-ին։ Մոսկվայի հավաստմամբ՝ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է:



