
Արմինֆո. Ընտրությունների հնարավոր ելքը վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել հայկական քաղաքականության առանձնահատկությունները։
Իշխանության համար նույնիսկ ամենաանբարենպաստ կանխատեսումները կարող են չիրականանալ. իշխող կուսակցությունը պահպանում է վարչական ռեսուրսը, բարձր ճանաչելիությունը եւ, ըստ "Իզվեստիայի" զրուցակիցների գնահատականների, լուրջ ֆինանսական առավելությունը: Այդ մասին ասվում է նախօրեին ռուսական "Իզվեստիա" թերթում Ելենա Սինյավսկայայի հրապարակած հոդվածում։
Նրա խոսքով՝ "Քաղաքացիական պայմանագիրն" այժմ ավելի ուժեղ է, քան մրցակիցների մեծ մասը Դա արտահայտվում է նաեւ այն միջոցների ծավալով, որոնք Փաշինյանն ուղղում է կուսակցության առաջխաղացմանը ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ խոսքը կարող է լինել ավելի քան 50 մլն դոլարի մասին։ «Այս իմաստով նրա հետ մրցակցել կարող է միայն Կարապետյանի դաշինքը, թեև նա էլ քարոզարշավի վրա ավելի քիչ է ծախսում։ Մնացած կուսակցությունները ռեսուրսների պակասը փոխհատուցում են առաջնորդների անձնական հեղինակությամբ, սակայն, նրանք առայժմ կարող են հավակնել հասարակական աջակցության ընդամենը 8-10 տոկոսին», - "Իզվեստիա"-ին ասել է ԳԱՈՒԳՆ-ի (Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարան) քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Արթուր Ավակովը:
Փորձագետի խոսքով ՝ Փաշինյանի ձախողման մասին խոսելը դեռ վաղ է։ Առավել եւս, որ հարցումների տվյալները զգալիորեն տարբերվում են։ Սոցիոլոգները, որոնց համարում են ավելի լոյալ իշխանությունների հանդեպ, "Քաղաքացիական պայմանագրին" տալիս են մոտ 35 տոկոս եւ ավելի, այն դեպքում, երբ հետազոտությունները, որոնց ավելի հաճախ հղում է անում ընդդիմությունը, իշխող կուսակցության աջակցությունը գնահատում են մոտ 18-20 տոկոս: Սակայն, նույնիսկ այդ չափումներով "Քաղաքացիական պայմանագիրը" շարունակում է մնալ երկրում առավել ժողովրդականություն վայելող քաղաքական ուժերից մեկը։
Ընդ որում, ինչպես ասվում է հոդվածում, ընդդիմության գլխավոր խնդիրն այն է, որ նրա կուսակցություններից ոչ մեկն առայժմ ունակ չէ միանձնյա կառավարություն ձեւավորել ։ "Ուժեղ Հայաստան" դաշինքը կամ ընդհուպ մոտենում է իշխանական կուսակցությանը, կամ նրանից հետ է մնում 10-15 տոկոսով։ Բայց, նույնիսկ, ընդդիմության համար ավելի բարենպաստ սցենարում խոսքն ավելի շատ խորհրդարանում նրա դիրքի ուժեղացման մասին է, քան՝ երաշխավորված իշխանափոխության մասին։
«Սակայն, Փաշինյանի կուսակցության հաղթանակի դեպքում էլ արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձ ակնկալելու հարկ չկա։ Տեսանելի հեռանկարում Հայաստանը չի անդամակցի ԵՄ-ին, դուրս չի գա ԵԱՏՄ-ից և, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կմնա ՀԱՊԿ անդամ, թեև նրա մասնակցությունը կազմակերպությանը կարող է շարունակել մնալ սառեցված: Երևանը Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ ոչ լիարժեք այլընտրանք ունի, ոչ էլ դրանք լիովին խզելու լուրջ պատճառներ։ Մի բան է խոսել Եվրոպական գծի մասին, և բոլորովին այլ բան ՝ վերակառուցել երկրի անվտանգության, տնտեսության և լոգիստիկայի ողջ համակարգը", - նշել է Ավակովը։