


Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։ Այդ մասին ասվում է հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։
«Մասնավորապես՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները, բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով, օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները, գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ», - նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ գլխավոր ընդդիմադիր ուժի կողմնակիցներին հայ իրավապահները ձերբակալում են ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով։ "Ուժեղ Հայաստան" կուսակցությունում, արձագանքելով այդ ձերբակալություններին, հայտարարում են, որ այս կերպ իրականացվում է ընտրական գործընթացին միջամտելու հերթական փորձը ՝ անհավասար պայմաններ ստեղծելու, կուսակցության անդամներին վախեցնելու և նրանց գործունեությունը խոչընդոտելու նպատակով:



