


Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դպրոցական սննդի կայուն տեղայնացումը գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային միջոցառմանը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են տեխնիկական ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի և Տաջիկստանի բարձրաստիճան պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ սովի դեմ պայքարի Բրազիլական առաջավոր փորձի կենտրոնի ներկայացուցիչները:
Իր բացման խոսքում Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման կարևորությունը՝ շեշտը դնելով երկրների միջև համագործակցության զարգացման և առաջավոր փորձի փոխանակման վրա՝ պարենային անվտանգության գլոբալ մարտահրավերների, կլիմայի փոփոխության և մատակարարման շղթաների խափանումների համատեքստում:
Արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը սոցիալական պաշտպանության, երեխաների առողջ սնուցման և կենսակերպի ոլորտում Հայաստանի առաջավոր փորձի նշանակալի օրինակներից է: Շեշտվել է ծրագրի դերը տեղական համայնքների ամրապնդման և առավել կայուն պարենային համակարգերի զարգացման գործում:
Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը ծրագրի մշակման և իրականացման ընթացքում: Ընդգծվել է նաև ծրագրի դերը ազգային ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում, որի շրջանակներում Հայաստանի կառավարությունն այժմ ապահովում է դրա իրականացումը մարզերում: 2010-2024 թվականների ընթացքում Ռուսաստանը ֆինանսավորել է Հայաստանում դպրոցական սննդի ծրագրի 4 փուլերը՝ 43 միլիոն դոլարի չափով։ Այսօր իրականացվում է 5-րդ փուլը՝ ուղղված 2025-2030 թվականներին Հայաստանում կայուն սննդի համակարգի զարգացմանը՝ ՄԱԿ-ի ՊՀԾ հիմնադրամին Ռուսաստանի ավելի քան 25 միլիոն դոլարի նպատակային մասհանմամբ:



