


Արմինֆո. Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր մարզերում, գյուղերում։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն։ Նույնիսկ առողջապահական նախընտրական ապահովագրության էֆեկտը թուլանում է։ Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, հասարակությանը, ընտրողին։ Ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ։ Միայն սպառնալիք է ու վիրավորանք։ Նման անասելիք իշխանություն Հայաստանը չի ունեցել։ Նույնիսկ 2021-ին դեռ ինչ-որ բան ասում էին՝ Արցախի դեօկուպացիա, ինքնորոշում և այլն, թեև հետո արեցին լրիվ հակառակը։ 2021-ին գոնե սիրուն խաբում էին, հիմա դրա հավեսն էլ չունեն։ Սուտը միակ ծրագրային թեզն է, Ալիևի աջակցությունը՝ միակ աջակիցը», - գրել է Հովհաննիսյանը։
Ընդ որում, նրա ասելով, ընդդիմությունն ունի մի քանի պարզ խնդիր. մեծացնել հասարակության տարբեր շերտերի հետ թիրախային երկխոսությունը, բացատրել ռիսկերը և ներկայացնել դրանց չեզոքացման սեփական ծրագրերը։ Եվ իհարկե, չպետք է թույլ տա ակնհայտ կոպիտ սխալներ։
Քաղաքագետի կարծիքով՝ իշխանությունն իր պաշարում չունի իրեն ուժեղացնելու ռեսուրս․ կարող է ավելի կոշտ վիրավորել, ավելի կոշտ սպառնալ, բայց չի երևում, թե ինչի հաշվին կարող է ուժեղացնել իր դիրքերը։ «Եթե գնա կոպիտ խախտումների կամ ուժերից որևէ մեկի հանդեպ արգելքների, դա ավելի է վատացնելու վիճակը։ Իհարկե, մտքում դեռևս ունի թե´ մոլդովական սցենարը, թե´ ռումինական, թե´ նիկոլական», - ասել է Հոհաննիսյանը։
Նրա ասելով՝ դեռևս մեծ թափով աշխատում է ընտրակեղծիքների ու վարչական և ուժային ռեսուրսի չարաշահման մեխանիզմը՝ բոլորի աչքի առաջ ստեղծելով ընտրությունները նախապես կեղծելու տեխնիկական պայմանները։ Ինչպես գրել է քաղաքագետը, իր պարտությունը տեսնող իշխանության վերջին գայթակղությունը կարող է լինել ուժային բաղադրիչի սանձարձակ կիրառումը։



