


Արմինֆո.Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը պետք է բացառվի։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականին Հայաստանի աղքատ բնակչության ցուցանիշը կազմել է 27 տոկոս։ Այն ժամանակ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական խոստումների համաձայն, այդ ցուցանիշը պետք է երկու անգամ նվազեր։ Մինչդեռ, ինչպես վկայում են վերջին պաշտոնական տվյալները, երկրում աղքատության մակարդակը կազմում է շուրջ 22 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում շուրջ 30 հազար մարդ:
"Սա խոսում է այն մասին, որ պարտադիր սոցիալական պարտականությունն այս իշխանությունն ամբողջությամբ տապալել է։ Այն, որ բազմաթիվ ստերի, կեղծիքների ֆոնին խոստումներ են ներկայացվում, մանիպուլյացիաներ են կատարվում, դա փաստ է ։ Բայց երբ խոսքը գնում է ժողովրդի բարեկեցության մասին, որը իշխանության գործունեության կարեւորագույն բաղադրիչն է, մենք տեսնում ենք, որ անցած 8 տարիների ընթացքում բոլոր գործողությունները կատարվել են ճիշտ հակառակ ուղղությամբ", - նշել է Վարդեւանյանը, հավելելով, որ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն իր վրա է վերցնում ծայրահեղ աղքատության խնդիրը լուծելու պատասխանատվությունը։ Այդ խնդրի լուծման համար կստեղծվի հատուկ և կոնկրետ հիմնադրամ ՝ որոշակի գործողությունների ծրագրերով, այդ թվում ՝ աջակցության և նպաստների ծրագրերով ։



