
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խստորեն դատապարտում է նախօրեին Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:
"Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների միջև վիճաբանության ժամանակ "Ուժեղ Հայաստան" դաշինքի համակիրներից մեկը փորձել է պոլիկլինիկայից դուրս բերել այն քաղաքացուն, ում օձիքին "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության առաջնորդը Հայաստանի քարտեզն է ամրացրել: "Ուժեղ Հայաստան" կուսակցության համակիրը հայտարարել է, որ պոլիկլինիկայի տարածքը պատկանում է Սամվել Կարապետյանին:
Հարգելի քաղաքացիներ, դուք բոլորդ մեզ հետ միասին մերժել եք նման սովորույթները դեռևս 2018 թվականին։ Հայաստանի ոչ մի քաղաք, գյուղ կամ համայնք, ոչ մի պետական հաստատություն չի կարող պատկանել որևէ մեկին, յուրաքանչյուր այդպիսի տարածք Հայաստանում պատկանում է մեզանից յուրաքանչյուրին: Հենց դրա համար էլ մենք պայքարել ենք 8 տարի առաջ։ Կոչ եմ անում տեղի չտալ սադրանքներին, պահպանել զսպվածություն և հունիսի 7-ին ևս մեկ անգամ հաստատակամորեն մերժել հնացած և վաղուց մերժված սովորույթները: Մենք կանգնելու ենք մեր պետության համար, մենք կանգնելու ենք խաղաղության համար", - հայտարարել է Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ նախօրեին Տաշիր քաղաքի պոլիկլինիկայում վիճաբանություն էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվիրած քարտի պատճառով: Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2026 թվականի մայիսի 14-ին Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն.Պ.-ն նկատելով Ն.Գ.-ի օձիքին փակցված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրած քարտեզը՝ վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից, հայտնելով, որ այդ տարածքը Ս.Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետև, քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետևանքով Ն.Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել և գետնին հարվածելու հետևանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք: Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է: