
Արմինֆո. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հերթական անգամ հաղթելու է Հայաստանի ժողովուրդը։ Այդ մասին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության առաջնորդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Փարաքար խոշորացված համայնքում քարոզարշավի ժամանակ:
Նրա խոսքով ՝ առաջիկա համաժողովրդական քվեարկության ժամանակ ժողովրդի ձայնը չի գողացվելու, չի կեղծվելու և դեֆորմացիայի չի ենթարկվելու։ Փաշինյանը կոչ է արել հավաքվածներին հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր և աջակցել ժողովրդական իշխանությանը։ "Որքան էլ սոցիալական ցանցերում և փորձագիտական հարթակներում խոսվի վերջին մի քանի տարիների մեր ձեռքբերումների մասին, մեր ամենակարևոր ձեռքբերումը խաղաղության հաստատումն է, և ամենագլխավոր խնդիրը դրա պահպանումն է", - ասել է վարչապետը, հավելելով, որ հենց ժողովուրդը պետք է լինի խաղաղության տերը:
Նա նշել է, որ այսօր հաստատված խաղաղությունը հայտնվել է բազմաթիվ քաղաքական ուժերի թիրախում, որոնք դրա մասին ինչ ասես չեն խոսում ։ "Կալուգացու" ("Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան - խմբ.) գլխավորած եռագլուխ կուսակցությունը հերթական սուտն է հորինել, թե, իբր, "Քաղաքացիական պայմանագիր " կուսակցության հաղթանակի և Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ կվերաբնակեցվեն Հայաստանում։ Մինչդեռ, Երևանի և Բաքվի հարաբերությունների օրակարգում նման հարց երբեք չի եղել և չկա։ Այդ մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում այդ հարցը երկրի քաղաքական կյանք բերելու համար։ Նման փորձ կարող են կատարել միայն օտարերկրյա լրտեսները։ Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ․ կալուգացի, դու օտարերկրյա լրտես ես։ Դու՝ ինքդ, չես հասկանում, թե ինչ ես անում: Դու ուզում ես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը դարձնել Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգի առարկա, և ես ասում եմ, որ լրտեսները չպետք է ստանան ընտրողների ձայները։ Անուղեղները, որոնք ինչ էպիտետներով ասես չեն անվանում մեր երկիրը, չպետք է ձայ ստանան", - հայտարարել է Փաշինյանը, հավելելով, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրա համբալները չպետք է անցնեն երկրի խորհրդարան։ "Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսների օգտին, քանի որ նրանք ցանկանում են սպանել մեր խաղաղությունն ու մեր ուրախությունը: Ուզում եմ հայտարարել․ խաղաղությունն ու ուրախությունն այլևս երբեք չեն լքի Հայաստանը, քանի որ ժողովուրդն է լինելու այս խաղաղության տերը", - համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետը, միաժամանակ նշելով, որ այսօր խաղաղությունը, որն ընդամենը 9 ամսական է, հիշեցնում է 9 ամսական երեխայի, որին պետք է հոգ տանել և մեծացնել:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ