
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան մասին:
Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ նա բացառիկ նվիրումով ծառայել է հայ թ0ատերարվեստին: Անգնահատելի է նրա դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում: Նա ոչ միայն վարպետ բեմադրիչ էր, այլև նվիրյալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցել սերունդներին՝ ձևավորելով թատերարվեստին ու կինոարվեստին բնորոշ յուրահատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտավները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կյանքի ժամերը», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», իրավամբ, հարստացրել են մեր թատերական մշակույթը:
Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել Նիկոլայ Ծատուրյանի դերը որպես մտավորական, ով հանդես էր գալիս սուր և ճշմարիտ խոսքով՝ մշտապես բարձրաձայնելով ժողովրդին հուզող խնդիրների ու հարցերի մասին:
ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին», - ասված է ցավակցական ուղերձում, որը հրապարակել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը::
Նշենք, որ Նիկոլայ Ծատուրյանը մահացել է կյանքի 81-րդ տարում։ Ինչպես հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով։
Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945 թ. հունվարի 8-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան)։ Այնուհետև վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում՝ ուսանելով Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ։
Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ՝ հանդիսանալով նաև «Մենք են, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։ Որպես ստաժոր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Շուրջ 20 տարի որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացում, որոնց թվում՝ Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ», Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ալ. Օստրովսկու «Կատաղի փողեր», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն։
Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ դասավանդել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։
Շուրջ 12 տարի՝ 1992-2004 թթ., ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը՝ բեմադրելով Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ.Պանյոլի «Տոպազ», Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։
1973 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։
Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացում։ Նկարահանվել է «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժ. Ա. Մանարյան)։
2004 թվականին նշանակվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2014 թվականից եղել է նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն։
Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ, ինչպիսիք են Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզ(Մհեր) Մկրտչյանը, Կարեն Ջանիբեկյանը։
Լավագույն բեմադրություններն են՝ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Ա. Քալանթարյանի «Բումերանգ», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գ. Սունդուկյանի «Փուղի զորութինը», Վ. Կրասնագորովի «Սիրո Casting», Ս.Կոսյանի «Թռիչք», Ու․ Գիբսոնի «Հրաշագործը», Ա. Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկ»։