


Արմինֆո.Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները հայ խաղաղապահների հետ համատեղ մասնակցել են գործողությունների պլանավորման, առաջնորդության կատարելագործման և խաղաղապահ գործողություններին պատրաստվածության երկկողմանի միջոցառմանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, այդ միջոցառումը միտված է Հայաստանի խաղաղապահ բրիգադի 2-րդ գումարտակի կարողությունների զարգացմանը՝ արհեստավարժության բարձրացման և միջազգային խաղաղապահ գործառույթների նախապատրաստման շարունակական աշխատանքների շրջանակում։ Կանզասի ազգային գվարդիայի անձնակազմը ներկայացրել է խաղաղապահ գործողություններում կիրառվող ռազմական պլանավորման գործընթացների, հրամանատարական տարբեր օղակներում համակարգման ու բուժօգնության պլանավորման լավագույն փորձը։
«Այս նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի ու Կանզաս նահանգի միջև Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003թ․ ի վեր գործող երկարամյա համագործակցությունը՝ մարտական պատրաստության, պատրաստվածության և արհեստավարժ զինվորական ծառայության կատարելագործման հարցերում», - ասվում է հաղորդագրությունում։



