
Արմինֆո. Միջազգային հանրության անորոշ ու ոչ հստակ գնահատականները ոչ թե զսպում, այլ, ընդհակառակը, խրախուսում են ավտորիտարիզմը Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր եւ կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը՝ այդ առումով աջակցելով "Հայաստան" դաշինքի հայտարարությանը, որում քննադատական գնահատական է տրված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան ընտրությունների վերաբերյալ միջանկյալ հայտարարությանը:
"Հայաստան" դաշինքի խմբակցության հայտարարությունը սթափեցնող է և չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այն բացահայտում է դառը իրողությունը, որը միջազգային որոշ կառույցներ համառորեն նախընտրում են չտեսնել։ Մենք չենք կարող խոսել "կառուցողական համագործակցության" կամ "ժողովրդավարական ընտրությունների" մասին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը բացահայտորեն օգտագործում է պետության պատժիչ ողջ զինանոցը ընդդիմախոսներին ճնշելու համար",- նշել է Ամստերդամը Facebook - ի իր էջում հրապարակված գրառման մեջ։
Նա հիշեցրել է, որ իրենց իրավաբանական ֆիրմայի 140 էջանոց զեկույցում արդեն ներկայացված են դատական համակարգը իշխանությունների գործիք դարձնելու եւ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ համակարգված արշավ անցկացնելու ապացույցներ, և նշել է, որ լիովին համաձայն է "Հայաստան" խմբակցության մայիսի 13-ի հայտարարությունում տրված գնահատականներին: "Միջազգային հանրության անորոշ ու ոչ հստակ գնահատականները ոչ թե զսպում, այլ, ընդհակառակը, խրախուսում են ավտորիտարիզմը Հայաստանում։ Ժամանակն է վերջ դնել երկակի ստանդարտներին: Երբ վտանգված են երկրի հիմնարար արժեքներն ու Եկեղեցին, լռությունը մեղսակցություն է", - եզրափակել է միջազգային իրավաբանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցությունն արձագանքել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակության տարածած միջանկյալ հայտարարությանը, որը մայիսի 11-12-ը երկօրյա այցով գտնվում էր Երևանում։ Ընդդիմադիր խմբակցությունը ԵԽԽՎ-ին մեղադրել է Հայաստանում տիրող իրավիճակը միակողմանի գնահատելու, ինչպես նաև հիմնազուրկ պնդումներ հնչեցնելու համար։ "Հայաստան" խմբակցությունը նաեւ տարակուսանք է հայտնել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ մտավախություններ արձանագրվել են որպես, պարզապես, "լսված" իրողություններ, մինչդեռ, կառավարության թեզերն արձանագրվել են որպես հաստատված փաստեր, իսկ հանդիպման ժամանակ իրենց պատգամավորների ներկայացրած մի շարք բանավոր եւ գրավոր դիտողություններ հաշվի չեն առնվել: