


Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի Սպիտակում գտնվող գրասենյակում: Այդ տեղեկությունը հաստատել են քաղաքական ուժից, հայտարարելով, որ նման գործողություններով իրենց չեն վախեցնի ։
«Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի։ Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։
Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են. իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։
Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։
Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։
Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին», - ասվում է դաշինքի հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում "Հայաստան" դաշինքի Սպիտակի գրասենյակում, հաղորդվել էր նաև ձերբակալվածների մասին: Գերատեսչությունում խոստացել են ավելի ուշ մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ ։



