


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնության զգացում է ապրում Վեդիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որը վերաբերում է սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան երկու աղջիկներին:
Նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ հարցումով դիմել է իրավապահ մարմիններին և ստացել որոշակի տեղեկատվություն։ Նա նշել է, որ պատասխանատու անձանցից պահանջել է հարցին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ՝ այնպես, ինչպես կվերաբերվեին, եթե նման դեպք պատահեր իրենց երեխայի հետ։
Վարչապետը նշել է, որ երբ քաղաքական հարթակներում ասում են՝ «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», դա պետք է դրսևորվի նաև պետական կառույցների, այդ թվում՝ իրավապահ համակարգի աշխատանքում։ Այս սկզբունքից ցանկացած շեղում Փաշինյանը համարում է անընդունելի։ Նա հավելել է, որ իրավապահները պետք է վերլուծեն կատարված աշխատանքը, իսկ նրանք, ովքեր թերացումներ են թույլ տվել մարզային կառույցներում, պետք է կրեն համապատասխան պատասխանատվություն։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Վեդիում տեղի էր ունեցել սեռական բռնության դեպք 15 և 17 տարեկան երկու քույրերի նկատմամբ։ Տվյալ գործով ընդհանուր առմամբ կալանավորվել է երեք անձ։ Հայտնի է դարձել նաև մարզային իրավապահ մարմինների՝ ՆԳՆ-ի, Քննչական կոմիտեի և դատախազության ղեկավարների պաշտոնանկությունների մասին։



