


Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մայիսի 7-ին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, նրան բողոք է ներկայացվել՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռուսական կողմի հասցեին հնչեցրած հայտարարությունների առնչությամբ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացել է Արսենյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ:
"Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է, որ կտրականապես անընդունելի է վերջերս ԵՄ հովանու ներքո անցկացված միջոցառումների շրջանակներում Կիևի նացիստական ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն Հայաստանում "ամբիոն" տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար ։ Ընդգծվել է, որ Մոսկվայում այդ կապակցությամբ արդարացի վրդովմունք են զգում և պաշտոնական Երևանի կողմից հիշյալ այցելուի նման աղաղակող պահվածքին պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում են ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին չհամապատասխանող", - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել ռուսական կողմի ներկայացրած դիրքորոշման մասին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ սպառնացել էր Ռուսաստանին հարվածել Մոսկվային՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի անցկացման օրը: Նա օտարերկրյա առաջնորդներին խորհուրդ էր տվել հրաժարվել շքերթին մասնակցելուց ։



