


Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ, ով մասնակցում էր «Երևանյան երկխոսություն» համաժողովին:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավածության հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանը դարձել է ՄՔԴ լիիրավ անդամ ՝ դառնալով Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և արևելաեվրոպական խմբի 19-րդ պետությունը։
Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։ Այն ժամանակ ՄՔԴ-ին միանալու օգտին քվեարկել էր կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության 60 պատգամավոր։ Հայաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը դեմ են քվեարկել փաստաթղթի վավերացմանը։
Ավելի վաղ Մոսկվայում անընդունելի են համարել Երեւանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը ՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի որոշումների ֆոնին:



