
Արմինֆո.Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ՝ դրանով իսկ վերահաստատելով հարաբերությունները ընդլայնելու և խորացնելու մտադրությունը, ինչը համապատասխանում է Հայաստանի և Ֆրանսիայի ազգային շահերին և ընդհանուր արժեքներին:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը հարգելու միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես ՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքները ՝ ցանկանալով երկկողմ հարաբերությունների զարգացման միջոցով նպաստել տարածաշրջանային և միջազգային անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդմանը:
Ռազմավարական գործընկերությունը հիմնված է պետությունների ինքնիշխանության, հավասարության և տարածքային ամբողջականության, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքների վրա ՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետության մթնոլորտում:
Սույն ռազմավարական գործընկերությունը նախատեսում է համակողմանի համագործակցություն հետևյալ ոլորտներում․ քաղաքական, տնտեսական, դատական, պաշտպանական, անվտանգության, մշակութային, հումանիտար համագործակցության, կրթության, համալսարանական փոխգործակցության, գիտության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, տեխնոլոգիաների և ապակենտրոնացված համագործակցության:
Քաղաքական ոլորտում երկրները կշարունակեն խորացնել քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն, առնվազն, տարին մեկ անգամ՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Առանցքային թեմաներից են Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի հիման վրա: Ստորագրված փաստաթղթով Հայաստանը և Ֆրանսիան վերահաստատում են իրենց հավատարմությունը գենդերային հավասարության սկզբունքներին և կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև անհավասարության և բռնության ցանկացած ձևի դեմ պայքարելու մտադրությունը ՝ պետական քաղաքականության ամրապնդման, քաղաքացիական հասարակության աջակցության և բազմակողմ համագործակցության զարգացման միջոցով:
Հայաստանն ու Ֆրանսիան կզարգացնեն իրենց գործընկերությունը անվտանգության, պաշտպանության, ռազմական կրթության, ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության ոլորտներում:
Մասնավորապես, պաշտպանական ոլորտում համագործակցությունը կիրականացվի երկարաժամկետ հիմունքներով ՝ պաշտպանական ոլորտում արդյունաբերական կոոպերացիայի միջոցով, որն ուղղված կլինի երկու երկրների պաշտպանական կարողությունների ամրապնդմանը:
Կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում:
Տեղեկատվության ամբողջականության, ազատ և հավաստի տեղեկատվության հասանելիության ապահովման, ինչպես նաև խոսքի ազատության պահպանման նպատակով Հայաստանն ու Ֆրանսիան կամրապնդեն օտարերկրյա ծագում ունեցող տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարին ուղղված համագործակցությունը:
Տնտեսական օրակարգի շրջանակներում երկրները կամրապնդեն համագործակցությունը ենթակառուցվածքների զարգացման և կայուն տրանսպորտի, գյուղատնտեսության և պարենային անվտանգության, առողջապահության, նորարարության և թվայնացման, արհեստական բանականության, կիսահաղորդիչների, օդատիեզերական արդյունաբերության, թափոնների վերամշակման, շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և ֆինանսական ծառայությունների ոլորտներում:
Փաստաթղթի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: https://www.primeminister.am/u_files/file/documents/Partenariat%20strat%C3 %A9gique-arm-05_05_26.pdf .