


Արմինֆո. Մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դե Ռուվի գլխավորած պատվիրակությանը։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խոսնակը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը Հայաստանի համար այս կարևոր օրերին այցելության և միջոցառումներին մասնակցելու համար։
Իր հերթին Պետեր դե Ռուվը շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխումների և ժողովրդավարական զարգացման ուղու վրա գտնվող Հայաստանում։
Զրույցի ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական կապերին, երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Քննարկվեցին նաև տարածաշրջանային զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Ազգային ժողովի նախագահի ուղեկցությամբ պատվիրակությունը այցելեց Ազգային ժողովի այգի, որտեղ տնկվեց Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամությունը խորհրդանշող ծառ, ծանոթացավ օրենսդիր շենքի պատմությանը և դիտեց խորհրդարանի կանոնավոր նիստերի աշխատանքը։



