


Արմինֆո. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է գնահատել այսօր Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը:
"Լավ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան՝ վերջին 24 տարվա ընթացքում: Կարևոր է, որ մենք վերսկսում ենք ակտիվ երկխոսությունը մեր երկրների միջև։ Քննարկել ենք իրադրությունը տարածաշրջանում, ինչպես նաև մարտահրավերները և սպառնալիքները անվտանգության ոլորտում։ Ես տեղեկացրել եմ իրական խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական աշխատանքի մասին", - պատմել է Զելենսկին՝ իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով ՝ Հայաստանի վարչապետի հետ խոսել են նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին։ «Ես առաջարկել եմ վերսկսել տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել արդեն այս տարի՝ Կիևում", - գրել է Ուկրաինայի նախագահը ։



