


Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կմասնակցի մայիսի 5-6 - ը Երևանում կայանալիք "Երևանյան երկխոսություն-2026" միջազգային խորհրդաժողովին:
Միջազգային խորհրդաժողովի ծրագրի համաձայն, Քըլըչը կմասնակցի "Հարավային Կովկասը բեկումնային փուլում. խաղաղության և համագործակցության հեռանկարներ" թեմատիկ քննարկմանը, որը տեղի կունենա մայիսի 5-ին:
Թուրքիայի հատուկ ներկայացուցչից բացի՝ այդ քննարկմանը բանախոսներ են լինելու Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, ինչպես նաեւ Ադրբեջանից "Թոփչուբաշեւի կենտրոնի" տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել Սերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն որեւէ բեկումնային որոշուման հասնել դեռ չի հաջողվել, բացի ավիաբեռնափոխադրումներից եւ ուղեւորափոխադրումներից:



