


Արմինֆո.90-ականների սկզբին ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանի սահմանապահ ուժերի կարողությունների հզորացմանը զուգընթաց, երկրի պետական սահմանի նկատմամբ վերահսկողությունը պետք է աստիճանաբար անցնի Հայաստանի սահմանապահ զորքերին: Այդ մասին ապրիլի 30-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը վճարումներ է կատարում ռուս սահմանապահներին սահմանի պահպանության համար։ Ընդ որում, ավելի վաղ, ինչպես նա ասել է, ռուս գործընկերները բարձրացրել էին վճարի բարձրացման հարցը, նշելով, որ գործող գումարը չի համապատասխանում մատուցվող ծառայությունների ծավալին։
Փաշինյանի խոսքով ՝ այդ վճարումներն ավելացնելու փոխարեն Հայաստանն ակնկալում է միջոցներն ուղղել սեփական սահմանապահ հնարավորությունների զարգացմանը։ Դրանց հզորացմանը զուգընթաց և պայմանով, որ ռուս գործընկերների հետ համագործակցությունը տեղավորվի Հայաստանի համար հաղթաահարելի գումարի սահմաններում, սահմանի մնացած հատվածներն աստիճանաբար կանցնեն հայկական կողմի վերահսկողության ներքո։ "Ինչպես նախատեսված է գործող համաձայնագրով", - ընդգծել է Փաշինյանը։
Նշենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, հայտարարվել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ին Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը մասնակցելու են նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի անցակետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվելու է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից:
Հավելենք, որ 2024 թվականի օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները լքել են Հայաստանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուս սահմանապահների գտնվելու համար հիմք է հանդիսանում հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրը, որը կնքվել է Երևանում 1992թ. սեպտեմբերի 30 – ին



