
Արմինֆո. Լեգենդար արցախի հետախույզ, "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ), ով կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով, հացադուլ է հայտարարել։ Այդ մասին հաղորդել է Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:
Նրա հավաստմամբ՝ Կանդազը հացադուլ է հայտարարել Հայաստանում անարդարության և քաղաքական հետապնդումների դեմ, ինչպես նաև հանուն մարդու իրավունքների և արժանապատվության: "Մենք այսօր այնպիսի օրեր ենք ապրում, երբ մեր հերոսը, 30 տարվա փորձ ունեցող զինծառայողը հայկական բանտում է և ստիպված հացադուլ է անում։ Այն ձայնագրությունները, որոնք տարածվել են իրավապահների կողմից, ծիծաղելի են, քանի որ այնտեղ կաշառքի մասին ոչ մի խոսք չկա, այնտեղ խոսակցությունն այն մասին է, թե ինչ է պարունակվում մեր նախընտրական ծրագրում", - նշել է Հովսեփյանը՝ Facebook-ի իր էջում։
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ բարդույթներ ունի պատերազմի հերոսների, ուժեղ տղամարդկանց նկատմամբ, ինչի վկայությունն է նաև Ավանեսյանի բանտում գտնվելը: "Բայց փոփոխություններ կլինեն, և դրանք կբերի Սամվել Կարապետյանը։ Հայաստանում համաներում կհայտարարվի, և կվերացվեն քաղաքական հետապնդումները", - շարունակել է նա։
Հովսեփյանը հավելել է, որ դեռ ամիսներ առաջ ադրբեջանական բանտում հացադուլ էր անում բարերար Ռուբեն Վարդանյանը, իսկ այսօր Հայաստանի բանտում հացադուլ է անում հերոս Ավանեսյանը: Նրա խոսքով ՝ դա խարան է հայ հասարակության համար։
Ապրիլի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարել էին, որ Ավանեսյանը և ևս 3 անձ ձերբակալվել են ընտրակաշառքի գործի շրջանակներում: Ավանեսյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Ըստ կոմիտեի հրապարակած հաղորդագրության՝ գործը հարուցվել է Ավանեսյանին գաղտնալսման հիման վրա։ Սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմադիր գործիչները ձերբակալվում են գաղտնալսումների ձայնագրությունների հիման վրա։ Եվ առայժմ տեղեկություն չկա, թե արդյոք դրանք իրականացվել են օրենքի շրջանակներում դատական թույլտվություն ստանալուց հետո, թե այդ ամենն իրականացվում է օրենսդրության խախտմամբ ։