


Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները մատնանշել են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Երևան սպասվող այցի կարևորությունը և դիտարկել առանցքային ոլորտներում համագործակցության առաջիկա ծրագրերը։
Նշվում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ուղղված համագործակցությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։
Միրզոյանը և Բարոն երկուստեք նշել են, որ Փարիզում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի պաշտոնական բացումը երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացման լավագույն դրսևորումներից է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ և ֆրանսիացի պաշտոնյաները հայտնել էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 4-5-ը Երևան կատարելիք պետական այցի շրջանակներում Հայաստանն ու Ֆրանսիան, ի թիվս այլ հարցերի, կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։



