


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որից հետո գեներալ-լեյտենանտ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։
Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։
Աղբյուրի համաձայն, Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է նաեւ Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի եւ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։



