


Արմինֆո. Լեգենդար արցախցի հետախույզ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, «Ուժեղ Հայաստան» անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ) Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին դատարանի բակում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Ավանեսյանին, ով առավել հայտնի է որպես Կանդազ», — ասել է Վարդևանյանը։
Ապրիլի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ Ավանեսյանը և ևս մի քանի հոգի ձերբակալվել են ընտրակաշառքի գործի շրջանակներում։ Համաձայն հրապարակված հաղորդագրության՝ գործը հարուցվել է Ավանեսյանի հեռախոսային լսումների հիման վրա։ Սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմադիր գործիչները ձերբակալվում են գաղտնալսումների հիման վրա։ Եվ դեռևս տեղեկություն չկա, թե արդյոք դրանք իրականացվել են օրենքի շրջանակներում՝ դատարանի թույլտվությունը ստանալուց հետո, թե՞ այդ ամենն իրականացվում է օրենսդրության խախտմամբ։



