
Արմինֆո. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բացվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակը։ Ինչպես հայտնել են քաղաքական ուժի մամուլի ծառայությունից, Չարենցավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ինդուստրացման (արդյունաբերականացման) ծրագրերը։
Նրա խոսքով՝ նախկինում քաղաքը բոլորի մոտ ասոցացվում էր աշխատատեղերի հետ, քանի որ Չարենցավանը ստեղծվել էր արդյունաբերական հիմքի վրա։ «Այսօր այստեղ մնացել են մի քանի հիմնարկներ, ձեռնարկությունների մեծ մասը փակվել են։ Մինչդեռ, երբ ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ երկրի և նրա քաղաքների ուժեղ կողմերը, նա խոսում է ուժեղ տնտեսության մասին, թե որքան հարուստ է երկիրը, որ նա կարող է ինչ-որ բան արտադրել։ Չարենցավանը հենց այնպիսի քաղաք էր, որը կարող էր ինչ-որ բան ստեղծել։ Քաղաքն աշխարհին տալու բան ուներ և միևնույն ժամանակ կարող էր կերակրել իր բնակիչներին՝ ապահովելով նրանց աշխատանքով»,- հիշեցրել է Կարապետյանը։
Այսօր սակայն, ինչպես ուշադրություն է հրավիրել կուսակցության խորհրդի անդամը, երկիրը տարեկան արտահանում է 20 մլն դոլարի ցինկի խտանյութ, իսկ ներկրում է 60 մլն դոլարի 15 000 տոննա ցինկապատ արտադրանք։ «Այսինքն՝ մենք արտահանում ենք ցինկը, նրանք այն վերամշակում են և հետո մեզ վրա վաճառում երկու անգամ թանկ։
«Բայց ո՞րն է խնդիրը, որ մենք չենք կարողանում դա անել հենց երկրի ներսում։ Խնդիրը ղեկավարի մեջ է, որը կկարողանար կազմակերպել այդ ամենը։ Եվ երբ մեզ հարցնում են, թե ինչպես ենք ստեղծելու այն աշխատատեղերը, որոնց մասին խոսում ենք, ապա ահա պատասխանը. երկիրը չի ներկրելու, այն ինքն է արտադրելու», - հայտարարել է Կարապետյանը։
Բացի այդ, նրա խոսքով, Սամվել Կարապետյանի իշխանության գալով երկրին սպասվում է հումանիզմ (մարդասիրություն)։ Այս կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գործող իշխանության օրոք մարդիկ հալածվում են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, և երկրում ատելության մթնոլորտ է ստեղծվում։ «Մինչդեռ հումանիզմը ենթադրում է հարգանք միմյանց նկատմամբ։ Մենք պետք է կրկին սովորենք հարգել միմյանց», - ասել է Կարապետյանը։
Խոսելով Հայաստանի անվտանգության մասին՝ կուսակցության խորհրդի անդամը նշել է, որ հայաստանյան իշխանությունները փորձում են համոզել ժողովրդին, թե հենց իրենք են հասել խաղաղության։ Նա խոստովանել է, որ հայ ժողովուրդը խաղաղություն է ուզում, քանի որ հենց դա է հույս տալիս։ Սակայն Կարապետյանը հիշեցրել է, թե այդ առումով ինչ է ասել նա, ում Հայաստանի ղեկավարությունն այսօր անվանում է Հայաստանում խաղաղության երաշխավոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այն է՝ «ադրբեջանական ժողովուրդը պետք է վերադառնա իր պատմական հողեր ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։
«Ըստ էության, սիրելի հայրենակիցներ, Արցախում հիմա խաղաղություն է։ Բայց այնտեղ հայեր չկան։ Մեզ խաղաղություն են խոստանում և ասում են, որ դրա երաշխավորը Ադրբեջանի նախագահն է։ Բայց մի՛ հավատացեք դրան։ Չի եղել այնպիսի դեպք, որ Ադրբեջանի նախագահն ինչ-որ բան ասի ու չանի։ Ինչպես նաև չի եղել այնպիսի դեպք, որ Ալիևն ինչ-որ բան պահանջի, և մեր երկրի գործող ղեկավարությունը չկատարի այդ պահանջը։ Ես խնդրում եմ մեր հայրենակիցներին լրջորեն վերաբերվել մեր ընդհանուր Հայրենիքին։ Նրանք (ադրբեջանցիները - խմբ.) կգան և նոր հակամարտություններ կհրահրեն։ Եվ դա հիմք կհանդիսանա, որպեսզի նրանք կարողանան ներխուժել մեր երկիր», - ընդգծել է Կարապետյանը։
Հռետորական հարց տալով, թե ինչու Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն հակազդում դրան, նա հիշեցրեց, որ հենց նրանք են հանձնել Սյունիքի ճանապարհը, Հայրենիքի 30%-ը, և համոզմունք հայտնեց, որ վաղ թե ուշ նրանք կհանձնեն ամբողջ երկիրը։ «Երբ մենք ասում ենք, որ մեզ ուժեղ երկիր է պետք, դա հենց այնպես չենք ասում. մենք պարզապես այլ ընտրություն չունենք։ Եվ վաղ թե ուշ մենք կունենանք այն։ Մեր երկիրը ուժեղ կդարձնի մի մարդ, ով դրա մեծ փորձն ունի։ Մենք մտադիր ենք Չարենցավանում այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնց արդյունքը տեսանելի կլինի տարեցտարի։ Եվ հենց ձեր արտադրությունը կապահովի Հայաստանի հզորացումը։ Այս ամենին մենք կհասնենք մեր ընդհանուր ջանքերով», - ամփոփել է կուսակցության խորհրդի անդամը։
Հիշեցնենք, որ հայաստանյան իշխանությունները ապրիլի 7-ին հապշտապ նախաձեռնեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնք, ի թիվս այլոց, արգելում են դաշինքների անվանումներում օգտագործել հատուկ անուններ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մարտի 31-ին Սամվել Կարապետյանի կուսակցությունը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին։ Ապրիլի 22-ին Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) հայտ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի գրանցումը «Ուժեղ Հայաստան» դաշինքի փոխելու մասին։ Հայտը բավարարվել է։