


Արմինֆո. Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, "ՀայաՔվե" նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Այսօր Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցն է: Ցեղասպանություն, որը կոտրեց մեր ազգի ողնաշարը, զրկեց պատմական հայրենիքի մեծ մասից, դարձրեց մեզ պանդուխտ ու գաղթական:
Ցեղասպանություն, որն այսօր էլ նույն մարդատյաց հրեշի կողմից շարունակվում է մեր դեմ՝ Արցախի բռնազավթումով, նրա բնիկ տերերի տեղահանությամբ, և մեր սրբությունների համատարած ոչնչացմամբ:
Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է: Այդ նպատակին պետք է ծառայի յուրաքանչյուր հայ մարդ, այդ նպատակին պետք է ստորադասվի ցանկացած այլ, անձնական և խմբային նպատակ: Միայն այդպես մենք կարող ենք կանգնեցնել Ցեղասպանության հրեշավոր անիվը, և վստահությամբ կերտել մեր ապագան այս սուրբ հողի վրա», - գրել է Ավետիք Չալաբյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրակագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 1915-1923 թվականներին ծրագրված և իր մասշտաբներով աննախադեպ այս հանցագործության արդյունքում 1,5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության և բռնի տեղահանման: Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն այսօր առաջնահերթություն չէ։ Մինչդեռ, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչված է բազմաթիվ պետությունների և միջազգային կառույցների կողմից։



