
Արմինֆո.Չի կարելի խառնվել խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների հակասություններին, առավել ևս՝ փոքր երկրներին։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է Երևանի քաղաքականությունից Կրեմլի մտահոգության մասին, որը դատարկ տեղը չի առաջացել։ Հայաստանի իշխանություններն իրականացնում են աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի Եվրոպական միություն՝ այդ միությանն անդամակցելու հեռանկարների բացարձակ անորոշության պայմաններում։ Ինչպես նկատել է նախկին նախագահը, եվրոպացիները խրախուսում են Հայաստանին բոլոր այն քայլերում, որոնք կարող են զայրացնել Ռուսաստանին, և Հայաստանը, ըստ էության, գնում է այդ ճանապարհով։ «Վրաստանի փորձը, Սահակաշվիլիի փորձը ոչինչ չեն սովորեցնում Հայաստանի վարչապետին։ Մեր մոտեցումն այսպիսին է՝ չի կարելի խառնվել խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների հակասություններին, առավել ևս՝ փոքր երկրներին, քանի որ այդ դեպքում դժբախտությունն անխուսափելիորեն կգա։ Մենք պետք է համագործակցենք աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այն ոլորտներում, որտեղ շահերը համընկնում են, այլ ոչ թե խառնվենք այնտեղ, որտեղ դրանք տարբերվում են։ Տեսեք, թե որն է Փաշինյանի բանաձևը. մենք գնում ենք Եվրամիություն, սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է այնքան ժամանակ, քանի դեռ դա մեզ ձեռնտու է։ Կարծում եմ՝ մեծ երկրի համար դա նույնիսկ վիրավորական է։ Չեմ կարծում, որ որևէ փոքր երկիր կարող է այդպես ձևակերպել իր արտաքին քաղաքական խնդիրներն ու առաջնահերթությունները ամերիկացիների կամ նույն Բրյուսելի հետ։ Եվ սա չի կարող զայրույթ չառաջացնել։ Բայց Ռուսաստանի ղեկավարությունը համբերատար է, և ես այնպիսի զգացողություն ունեմ, որ դա համբերել են շատ երկար, քանի դեռ չի հասել որոշակի կետի, և որոշել են արտահայտվել։ Բայց լարվածությունը միշտ էլ եղել է, պարզապես այն, ինչպես ինձ է թվում և որքանով ես եմ հասկանում այս իրավիճակը, զսպվում էր այն հույսով, որ, այնուամենայնիվ, մարդիկ կսովորեն, մարդիկ կսկսեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է անհրաժեշտ կառուցել արտաքին քաղաքական ուղենիշները»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա նաև մատնանշել է Հայաստանի հսկայական տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, և Մոսկվայի համար պետք է որ տարօրինակ լինի, եթե ՀՀ ղեկավարությունը վարում է արտաքին քաղաքականություն՝ կտրված երկրի տնտեսական շահերից։ «Սրանք լիովին տարբեր ուղղություններով շարժումներ են. մի կողմից՝ կարծես քաղաքական հայտ է Եվրամիության հետ մերձեցման մասին, մյուս կողմից՝ Եվրամիության հետ արտաքին առևտրում տեսակարար կշիռը նվազում է, իսկ Ռուսաստանի տեսակարար կշիռը՝ աճում։ Այս տարաուղղվածությունը խոսում է այն մասին, որ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչ են անում»,- նշել է նախկին նախագահը։
Նա նաև հիշեցրել է, որ հենց իր պաշտոնավարման ժամանակահատվածում է Երևանը խոսել կոմպլեմենտար քաղաքականության մասին, որն ուներ գործնական պարամետրեր։ «Ի դեպ, իմ ժամանակ Եվրամիության հետ ապրանքաշրջանառությունը մոտավորապես նույնքան էր, որքան Ռուսաստանի հետ, բայց մենք երբեք չենք ասել, որ քաղաքականապես շարժվում ենք դեպի Եվրամիություն։ Նախ՝ դա իրատեսական չէ, երկրորդ՝ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, ուր Եվրամիությունը չի էլ պատրաստվում գալ»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահը համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունը կսառեցնի ընդլայնման քաղաքականությունը։ «Այնտեղ շատ լուրջ ճգնաժամ է, նրանք պետք է կողմնորոշվեն սեփական ինքնության հարցում՝ ինչ են ուզում և ուր են շարժվում։ Բայց անվտանգության համակարգը, որում մենք գտնվում էինք, կապված է Ռուսաստանի հետ։ Դու չես կարող լինել անվտանգության մի համակարգում և քաղաքականապես ինչ-որ կերպ շարժվել մեկ այլ ուղղությամբ, դա տարօրինակ վարքագիծ է։ Կարծում եմ՝ սա այն մարդկանց վարքագիծն է, ովքեր չեն հասկանում միջազգային հարաբերությունների և անվտանգության հիմնարար հիմքերը»,- նշել է նախկին նախագահը։
Պատասխանելով այն հարցին, թե ինքն անձամբ Հայաստանը տեսնո՞ւմ է Ռուսաստանի, թե՞ Եվրամիության ուղեծրում, նախկին նախագահը նկատել է, որ «ուղեծիր» բառն այնքան էլ չի համապատասխանում տեղի ունեցողին։ «Այսօր նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ ապրանքաշրջանառության ավելի քան 40%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Գործնականում ամեն ինչ կապված է Ռուսաստանի հետ՝ ապրանքաշրջանառության ավելի քան 60%-ը՝ ներառյալ զուգահեռ ներմուծումը, արտահանումը, այս բոլոր հոսքերը։ Եվ այս իրավիճակում խոսել ինչ-որ այլ կողմնորոշիչների մասին պարզապես անիմաստ է։ Հայաստանի համար ամենապրագմատիկ խնդիրն այս հարաբերությունները զարգացնելն է, ահռելի շուկային՝ ռուսական շուկային, ԵԱՏՄ շուկային ինտեգրված լինելը... Այլ շուկա, որը կարող է փոխարինել այս շուկային, պարզապես չկա։ Ես գիտեմ, թե որքան դժվար է մտնել եվրոպական շուկա յուրաքանչյուր ապրանքային խմբով։ Դրանք հսկայական դժվարություններ են։ Նրանք իրենց շուկան պաշտպանում են ջերմեռանդորեն, շատ համառորեն, գտել են այդ շուկայի պաշտպանության շատ հետաքրքիր մեխանիզմներ՝ ֆիտոսանիտարական վերահսկողության միջոցով։ Յուրաքանչյուր իշխանություն պետք է մտածի իր պետության և իր ժողովրդի անվտանգության ու բարեկեցության մասին»,- ընդգծել է նախկին նախագահը։