


Արմինֆո. Հայաստանի ՀԱՊԿ անդամության ապասառեցում չի նախատեսվում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ իրենց քաղաքական թիմը կոնկրետ քայլեր չի ձեռնարկի ՀԱՊԿ-ում աշխատանքն ակտիվացնելու ուղղությամբ: "Այսինքն՝ ապասառեցում չի նախատեսվում։ Դե-յուրե կամ դե-ֆակտո մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից, թե՝ ոչ, այլ խոսակցություն է, չեմ կարող ասել։ Գործելու ենք ըստ իրավիճակի", - ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջից Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ-ի հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար ։



