
Արմինֆո.Հայաստանը փոքր երկիր է, բայց՝ մեծ ներուժով ու հնարավորություններով, որոնք պետք է ծառայեն նրա զարգացմանն ու առաջընթացին: Այդ մասին հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Դեբեդ եւ Դսեղ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում:
Նա նշել է, որ նման մարզային հանդիպումների ընթացքում բնակիչների կողմից բարձրացվում են տարաբնույթ հարցեր՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, առողջապահությունից մինչև կրթություն, բյուրոկրատական արգելքներից մինչև սոցիալական և գյուղատնտեսական խնդիրներ: Այդ խնդիրները, ըստ կուսակցության առաջնորդի, պահանջում են հստակ և համակարգային լուծումներ: "Ցավոք, գյուղերի բնակիչներն այսօր հաճախ միայնակ են մնում իրենց դժվարությունների դեմ պայքարում։ Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին տեղեկանալու, այլև վստահություն հաստատելու հնարավորություն են։ Այս ջերմ մթնոլորտում ավելի հստակ է զգացվում, թե որքան կարևոր է կարողանալ լսել միմյանց, հասկանալ միմյանց և միասին լուծումներ գտնել: Մեր ճանապարհը պարզ է․ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք", - նշել է Ծառուկյանը։
Կուսակցության առաջնորդը հիշեցրել է, որ հայ ժողովուրդը միշտ գլուխը բարձր է քայլել ամենուր, սակայն այսօր նրան այդ հպարտությունից զրկել են: "Այսօր մենք կոտրված ենք, որովհետև ավերված է մեր տնտեսությունը, մեր նախկին ապրելակերպը։ Գյուղացիները պետք է ցանկանան ապրել իրենց տներում, իսկ դրա համար նրանց պետք է արտոնություններ տրվեն, օրինակ՝ գույքահարկի վճարումները պետք է կրճատվեն։ Այսօր Հայաստանում չկա նախարարություն, որը պատասխանատու լինի հենց Հայաստանի գյուղերում խնդիրների լուծման համար։ Դա անթույլատրելի է, քանի որ պետք է լինի մի տեղ, ուր նրանք կարող են դիմել, որպեսզի ներկայացնեն իրենց խնդիրները", - կարծում է Ծառուկյանը։
Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել, և երկրի իրական ղեկավարը պետք է առանց խոսքի հասկանա, թե ինչ պետք է անի, որպեսզի մարդկանց աշխատելու և ապրելու հնարավորություն տա: "Այս ամենի համար անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը ։ Եթե մենք կարողանանք տարեկան կտրվածքով ապահովել 10-12 տոկոս տնտեսական աճ, ապա կարող ենք ստանալ 300 մլրդ դրամ լրացուցիչ գումար, որը կարող ենք բաշխել այն ոլորտներին, որտեղ ունենք խնդիրներ ։ Երկրի զարգացման ճանապարհին անհրաժեշտ է նաև օգտագործել մեր ազգային ներուժը։ Իսկ դրա համար կարևոր է յուրաքանչյուր ոլորտում ունենալ պրոֆեսիոնալ կադրեր։ Այսօր կարևոր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, ովքեր չունեն համապատասխան փորձ", - նշել է ԲՀԿ առաջնորդը։
Նրա խոսքով ՝ իրենց "Առաջարկ Հայաստանին" ծրագիրը ներառում է բոլոր այն խնդիրները, որոնք այսօր հուզում են հայ ժողովրդին, և վստահեցրել է, որ դրանց լուծումը էապես կբարելավի մարդկանց կյանքի որակը երկրում: Լոռու մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպումների ընթացքում կուսակցության առաջնորդը ներկայացրել է նաև տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու իրենց տեսլականը: Նրա խոսքով ՝ իրական խաղաղությունը պետք է երաշխիքներ ունենա։ "Իսկ այսօր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում, տարածքներն օկուպացված են, և նրանք չեն դադարում պահանջել 300 000 ադրբեջանցիների "վերադարձը" Հայաստան։ Ուստի, մենք պետք է ունենանք խաղաղության 2-3 խոշոր երաշխավոր", - նշել է կուսակցության առաջնորդը։ Ծառուկյանը նաև նշել է Հայաստանի տարեցտարի աճող արտաքին պարտքը։ Նա վստահ է, որ այդ ամենը Հայաստանի իշխանությունների անգործության արդյունք է։ "Մինչդեռ, ես ամբողջ աշխարհում ծանոթություններ ունեմ, որոնք կօգնեն երկիրը դուրս բերել այն վիճակից, որում հայտնվել է այսօր", - ամփոփել է ԲՀԿ առաջնորդը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։