


Արմինֆո.ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում, Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, մասնակցել է «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով պանելային քննարկմանը։
Հայաստանի ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, Արմեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, կարևորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծել դրա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա:
Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ապաշրջափակման կարևորության մասին՝ անդրադառնալով արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին ու ստեղծվելիք տնտեսական հնարավորություններին:
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով:-



