


Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան առաջիկա պետական այցի մանրամասները:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում փոխվարչապետը հատկապես ընդգծել է Ֆրանսիայի նախագահի ներկայության կարևորությունը Հայաստանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, նրա պետական այցի շրջանակներում:
Մակրոնի այցի նախաշեմին մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ջրամատակարարումը, ֆրանսիական կողմի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությանը, համագործակցությունը կրթության ոլորտում, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող այլ ծրագրեր ու նախաձեռնություններ:
Կողմերը շեշտել են կառուցողական փոխգործակցության կարևորությունը՝ կարգավորման ենթակա հարցերի արդյունավետ լուծման և երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնման համար:



