


Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության նախարար Մոնիկ Բարբուտի հրավերով, կմասնակցի G7 շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա Փարիզում ապրիլի 22-ից 24-ը։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև քաղաքական երկխոսությունը և համաձայնեցնել կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության մոտեցումները։ Քննարկումները կկենտրոնանան կլիմայի փոփոխության դեմ պայքարի, էներգետիկ անցման, կենսաբազմազանության պահպանման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման միջոցառումների վրա։
Այցի ընթացքում կքննարկվեն նաև անապատացման, հողերի քայքայման, ջրային և ծովային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև անօրինական ձկնորսության դեմ պայքարի հարցեր։
Նախատեսվում է, որ հանդիպման արդյունքները կօգնեն ձևավորել ընդհանուր դիրքորոշումներ, որոնք կնպաստեն G7 գագաթնաժողովում որոշումների կայացմանը և COP17-ում առաջ կշարժեն կենսաբազմազանության գլոբալ նպատակները։



