
Արմինֆո.Մեկուսացնելով "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին և չարաշահելով վարչական ռեսուրսները՝ Հայաստանի իշխանությունները փորձում են կանխել անխուսափելի փոփոխությունները: Այդ մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Amsterdam & Partners LLP հիմնադիր և կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
Նա հիշեցրել է, որ ապրիլի 17-ին Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով: Ամստերդամը համոզմունք է հայտնել, որ նման որոշումը միայն ի ցույց է դնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի անկայունությունն ու վախը: "Այդպիսով նրանք ցանկանում են սահմանափակել Կարապետյանի՝ փողոց դուրս գալու հնարավորությունը, որպեսզի անձամբ շփվի հայ ընտրողի հետ և Հայաստանին տա այն հույսը, որի կարիքն այսօր աայդքան ունի երկիրը", - ընդգծել է միջազգային իրավաբանը:
Ամստերդամն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, ըստ էության, Կարապետյանը նախընտրական քարոզչություն իրականացնելու հնարավորություն չունի, ինչը սահմանափակում է նրա հնարավորությունները նախընտրական մրցավազքում: Եվ այդ ամենը, ինչպես հիշեցրել է փաստաբանը, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կուսակցության առաջնորդը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, որը հարձակման է ենթարկվել Փաշինյանի կողմից։
"Հայաստանի վարչապետի կողմից նաև կեղծ թեզեր են տարածվում "Ուժեղ Հայաստան" կուսակցության հասցեին։ Փաշինյանը փորձում է օգտագործել իր ունեցած ողջ վարչական ռեսուրսը ՝ ընտրություններում պարտությունից խուսափելու համար։ Այդ նպատակով նա նաեւ մտադիր է ներգրավել ոստիկաններին, իսկ հետո կփորձի արդարացնել այդ ամենը երկրում ժողովրդավարության առկայությամբ ՝ Եվրամիության (ԵՄ) լուռ համաձայնությամբ", - ընդգծել է Ամստերդամը։
Միջազգային իրավաբանը հիշեցրել է, որ իրենք արդեն դիմել են ԵՄ-ին և կշարունակեն դիմել ՝ ուշադրություն սեւեռելով նրանց կանխակալության վրա: "Այս խայտառակ պահվածքը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, այլ ոչ թե՝ խրախուսվի և թաքցվի։ Այս ուղերձը կհասցվի Վաշինգտոնին եւ Բրյուսելին", - հավաստիացրել է Ամստերդամը։
Վերջում նա կոչ է արել հայ ժողովրդին մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին և իր ձայնով հեռացնել Փաշինյանին իշխանությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը 3 ամսով երկարաձգել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը: "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 18-ին Երևանում՝ այն բանից հետո, երբ աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն, որը հարձակման էր ենթարկվել Հայաստանի իշխանությունների կողմից։ Դրանից հետո բացահայտ սպառնալիքներ էին հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որից հետո Կարապետյանը կալանավորվել էր։ Նրան մեղսագրվում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր։ Ավելի ուշ կուսակցության առաջնորդին նոր մեղադրանքներ են առաջադրվել ՝ փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն: Նախորդ տարվա դեկտեմբերին Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի: