


Արմինֆո. Հարավային Կովկասի տարածաշրջանում իներցիոն մոտեցում է դրսեւորվում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ընդ որում, Վրաստանում այդ իներտությունն ավելի նկատելի է, Հայաստանում եւ Ադրբեջանում՝ ավելի քիչ։ Այդ մասին հայտարարել է Իրանի գծով ռուսաստանցի փորձագետ Կարինե Գևորգյանը՝ "Մերձավոր և Միջին Արևելք. մարտահրավերներ և հեռանկարներ" խորհրդաժողովում։
Ինչպես նշել է փորձագետը, ներկայումս աշխարհը գտնվում է սրընթաց փոփոխությունների փուլում։ Առայժմ Իրանի շուրջ լարվածությունն ու կոալիցիոն ճնշումը լիովին չեն անդրադարձել Հարավային Կովկասի վրա։ Սակայն, ինչպես շարունակել է Գեւորգյանը, Ադրբեջանի ակտիվությունն այդ ֆոնին վտանգավոր հատվածներ է ձեւավորում Իրանի հյուսիս-արեւմտյան սահմաններին։ Նախիջևանում վերջերս տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունները դրա վառ ապացույցն են։
Հայ հասարակության շրջանում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ քննարկումներ են ընթանում "ով է ավելի լավը" հարցի շուրջ։ Մինչդեռ, հաշվի առնելով գլոբալ գործընթացները, արտաքին ուժերից ոչ մեկը "լավագույնը" չէ։ "Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով", - ընդգծել է իրանագետը:



