


Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ Եվրամիության երկրների վարքագիծը համեմատել է Բորիս Զախոդերի «Խրյուկը տոնածառի վրա» հեքիաթի խոզուկի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը հիշեցրել է, որ այս ստեղծագործության մեջ փոքրիկ խոզուկին, ով բոլորովին չգիտեր իրեն պահել, թույլ են տվել մասնակցել մանկական տոնին։
«Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նա մագլցեց տոնածառի վրա, ամեն ինչ տակնուվրա արեց, ջարդեց և այնտեղից խայտառակությամբ վռնդվեց», — ասել է նա։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ պետությունները տարիներ շարունակ պահանջում են, որ իրենց մերթ հրավիրեն բանակցությունների սեղանի շուրջ, մերթ նստեցնեն այդ սեղանի շուրջ, մերթ էլ տեղ հատկացնեն իրենց համար։ Նա ընդգծել է, որ նրանց թույլ չեն տա մտնել «պատշաճ տուն», քանի դեռ նրանք իրենց պահում են հենց այնպես, ինչպես «Խրյուկը տոնածառի վրա»։
«Ո՞վ է նրանց հետ պայմանագրեր կնքելու, որոնք հենց իրենք են խախտում։ Ո՞վ է նրանց համար սեղանի շուրջ տեղ նախատեսելու, որի վրա նրանք արդեն ոչ թե ոտքերը, այլ թաթերն են դնում։ Ո՞վ է նրանց որևէ բան առաջարկելու երկարաժամկետ հեռանկարում, եթե նրանք նույնիսկ միջնաժամկետում դավաճանել են իրենք իրենց», — շարունակել է Զախարովան։
Նա հավելել է, որ այդ պատճառով Եվրամիության երկրները պետք է սովորեն քաղաքակիրթ վարվել միջազգային ասպարեզում, պատասխանատվություն կրել իրենց խոսքերի համար և կատարել պայմանավորվածությունները։ Բացի այդ, ըստ դիվանագետի, նրանք պետք է աշխատանք տանեն սխալների վրա, ընդունեն «իրենց բոլոր հանցավոր գործողությունները», ինչպես նաև «գլոբալ հետևություններ» անեն իրենց «հանցավոր վարքագծից»։



