
Արմինֆո. 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կախված կլինեն երկրի քաղաքացիների ընտրությունից ՝ գնալ ընտրությունների, թե՝ չգնալ, քվեարկել ինչ-որ քաղաքական ուժի օգտին, թե, պարզապես, փչացնել քվեաթերթիկը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Նինա Մարգարյանը, պարզաբանելով, թե ինչպես է դա աշխատում՝ հիպոթետիկ թվերի օրինակով
«Ենթադրենք, X երկրի ընտրողների թիվը կազմում է 100 հազար (վերցրել եմ փոքր և կլոր թիվ` հաշվարկն ավելի պարզ դարձնելու համար): Ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ուժ (թեև կարող են լինել բազմաթիվ փոքրաթիվ կուսակցություններ, որոնք չեն հաղթահարի ընտրական շեմը, սակայն «կփոշիացնեն» ընտրողների ձայները, այդ դեպքում տոկոսները այլ կերպ կբաշխեն, սակայն սկզբունքը մնալու է նույնը):
Տվյալ երկրի գործող իշխանությունն ունի իր՝ քիչ թե շատ ստաբիլ էլեկտորատը (գաղափարակիցներ, պետ.կառույցների աշխատողներ և այլն): Ենթադրենք՝ 15 հազար մարդ:
Տարբերակ 1. Չենք գնում քվեարկությանը
Ընտրությունների օրը քվեարկության է եկել ընտրողների 45% - 45 հազար մարդ:
45 000 ընտրողներից 15 000 քվեարկել է գործող իշխանություններին, ինչը կազմում է ձայների 33.3%: Եթե ընտրելու իրավունք ունեցող 100 հազար քաղաքացուց ընտրություններին մասնակցեն 60 հազարը, ապա 15 հազարը կվերածվի 25%, և այդպես շարունակ:
Տարբերակ 2. Գնում ենք քվեարկելու ու «փչացնում» քվեարթերթիկները:
Ընտրությունների օրը քվեարկության է եկել ընտրողների 55% - 55 հազար մարդ:
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 10 հազար – 18,2%:
Իշխող ուժին քվեարկել է 15 հազար մարդ – մոտ 27.3 %.
A կուսակցությանը քվեարկել է 13 հազար – 23.6%
B կուսակցությանը քվեարկել է 9 հազար – 16.4%
С կուսակցությանը քվեարկել է 5 հազար – 9%
D կուսակցությանը քվեարկել է 3 հազար – 5.5%
Արդյունքում, ձայների 18.2 %-ը փոշիացվում է, թեև կարող էր բաշխվել ընդդիմադիր ուժերի միջև, և այդ դեպքում իշխանությունների ստացած տոկոսը կնվազեր:
Դաշինքներ, երկրորդ փուլ և այլն, դա տվյալ դեպքում էական չէ: Էականը սկզբունքն է», - գրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հաշվարկների համաձայն, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 քաղաքացի:
Հավելենք, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ըստ ԿԸՀ տվյալների, մասնակցել է 1 մլն 281 հազար քաղաքացի, մինչդեռ, ընտրելու իրավունք ուներ 2 մլն 593 հազար 572 քաղաքացի: