


Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանությունների վերջին հինգ տարիների ամենակարևոր ձեռքբերումն Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունն է։ Այդ մասին ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ևս մեկ ձեռքբերում էր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը և այդ համակարգից բխող սոցիալական ոլորտի հետ կապված այլ ձեռքբերումները՝ սկսած կենսաթոշակների հետևողական բարձրացումից եւ վերջացրած հետվճարային համակարգով: Վարչապետը նշել է նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում աջակցության ծրագիրը, մինչև 2 տարեկան երեխաների խնամակալության ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումը, որի շրջանակում ՀՀ քաղաքացիները, անցնելով ատեստավորում, հնարավորություն են ստացել զգալիորեն ավելացնել իրենց աշխատավարձերը: Զինված ուժերում բարեփոխումները ռազմավարական նշանակություն ունեն։ Ոչ պակաս արդիական է դարձել աշխատանքի դիմաց վարձատրության նոր համակարգի ներդրումը, որի հիմքում դրված է արդյունավետության գաղափարը։ Այդ ծրագիրը, ինչպես նշել է վարչապետը, պիլոտային բնույթ է կրում և բոլոր հիմքերը կան պնդելու, որ աշնանն այն օրենսդրական կարգավորում կստանա:
Վարչապետը կարծում է, որ պաշտպանության, կրթության ոլորտներում բարեփոխումները հասել են այնպիսի մակարդակի, որ դարձել են անշրջելի: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է երկու ոլորտ, որտեղ կան լրջագույն խնդիրներ․ ջրային տնտեսություն և արդարադատության ոլորտ, որոնք տարիներ շարունակ կուտակվել են և չեն գտել իրենց լուծումը: Ընդհանուր առմամբ, դատաիրավական համակարգի բարեփոխում հնարավոր չի լինի իրականացնել առանց նոր Սահմանադրության ընդունման, քանի որ առկա իրավիճակում ակդ խնդիրներն իներցիայով շարունակում են անընդհատ շրջանառվել: Դրանց լուծման համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որպեսզի մի կողմ դնենք արհեստական խոչընդոտները և վերջապես լուծենք դատական համակարգում առկա խնդիրները։



